Ամերիկյան ատոմային սուզանավը ժամանել է հարավկորեական նավահանգստային Բուսան քաղաք
ԱՄՆ ատոմային սուզանավը կիրակի ժամանել է հարավկորեական նավահանգստային Բուսան քաղաք, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական ռազմածովային ուժերին։
«USS Missouri»-ի ժամանումը, որը նաև հայտնի է որպես SSN-780, տեղի է ունեցել ուրբաթ Վաշինգտոնում անցկացված Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների միջուկային հարցերով խորհրդատվական խմբի երկրորդ հանդիպումից հետո։
«Հյուսիսային Կորեայի ցանկացած միջուկային գրոհ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա անընդունելի է և կհանգեցնի Կիմի վարչակարգի կործանմանը», - ասվում է հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ հայտարարության մեջ։
Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան այս ամիս կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում կատարել:
Նախկինում ամերիկյան ատոմային սուզանավերի այցելությունները հազվադեպ էին, բայց դրանք ավելի հաճախակի են դարձել Սեուլի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածությունների համաձայն, որոնք ավելացրել են ԱՄՆ ռազմական միջոցների ժամանումը՝ Հյուսիսային Կորեային զսպելու համար: Ամերիկյան մեկ այլ ատոմային սուզանավ՝ USS Santa Fe-ն, հարավկորեական Չեջուդո կղզու նավահանգիստ է մտել նոյեմբերին:
Անցյալ ամիս Բուսան նավահանգիստ էր ժամանել նաև ամերիկյան USS Carl Vinson ավիակիրը։