«Ռոսատոմը» կարող է սկսել Երևանի նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի վերականգնման աշխատանքները
«Ռոսատոմը» կարող է սկսել Երևանի նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վերականգնման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախահաստատումն արդեն փոխանցվել է Հայաստանի իշխանություններին։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսատոմի էկոլոգիայի ոլորտում պետական և արդյունաբերական ծրագրերի իրականացման վարչության տնօրեն Անդրեյ Լեբեդևը։
«Հայկական կողմի խնդրանքով անցյալ տարի մենք սկսել ենք ուսումնասիրել այս հարցը։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակում իրականացված բազմաթիվ աշխատանքների արդյունքների վերաբերյալ վերլուծական զեկույց։ Եվ հայկական կողմի հետագա ուշադրության և խնդրանքի դեպքում, մեր կառավարության համապատասխան հանձնարարականներով, մենք, իհարկե, կզբաղվենք այդ գործով»,- ասել է Լեբեդևը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ռուս մասնագետները ոչ միայն գույքագրել են նախկին քիմիական գործարանի տարածքում կուտակված թափոնները, այլև զեկույցում նախանշել են տարածքի զարգացման տարբեր առաջարկներ՝ այն անվտանգ վիճակի հասցնելուց հետո։
«Նման նախնական հայեցակարգը, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը փոխանցվել է հայկական կողմին»,- նշել է Լեբեդևը։