Դպրոցում բռնաբարության դեպքը բացահայտած լրագրողի մոր դեմ գործ են ուզում «կարել». Oragir.News
Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը Oragir.News-ին հայտնել է, որ իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ իր մոր դեմ փորձում են շինծու գործ սարքել։
Լիլիթ Աղեկյանի մայրը` Մարինա Շագոյանը, աշխատում է այն դպրոցում, որտեղ կատարվող ապօրինությունների մասին հաճախ է բարձրաձայնում Աղեկյանը։
«Ես բացահայտել եմ Գյումրիի թիվ 32 դպրոցի տնօրենի թույլ տված խախտումները, զեղծարարությունները, կեղծիքները, պետությանը վնաս տալը և այլն։ Մամայիս ասում էի՝ զգույշ եղիր, իմ այս բացահայտումները բերելու են նրան, որ քեզ հետապնդելու են։ Մայրս ասում է` ես գնում, պարապում, գալիս եմ, ես որևէ մեկի հետ առնչություն չունեմ։ Այսօր զանգահարեցի մորս, չպատասխանց, երկրորդ անգամ, որ զանգեցի, մայրս ասաց՝ էստեղ ծնողը եկել, հարձակվել է վրաս և ասում է, որ ես իր երեխային ծեծել եմ։ Մորս ասացի`պահի էդ ծնողին, ես հիմա գալիս եմ դպրոց: Մտա այդ դասարան և ասացի` Շագոյանը որևէ մեկիդ խփե՞լ է, եղե՞լ է նման բան, պատասխանեցին` ոչ»,- պատմել է Լիլիթ Աղեկյանը։
Նա համոզված է, որ իր բացահայտումների հետևանքով են գործ սարքում իր մոր դեմ։
«Իմ բացահայտումների հետևանքով մորս վրա գործ են ուզում կարել, ինձ համար սպասելի էր, բայց չէի պատկերացնում, որ էս եղանակով»,- ասել է Լիլիթ Աղեկյանը։
Նշենք, որ հետաքննող լրագրողը, բացի ապօրինություններից, բացահայտել է նաև դպրոցում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնաբարության դեպք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: