Հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ․ ոստիկանություն
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Ջանֆիդա գյուղի 53-ամյա մի բնակիչ տանը և օժանդակ շինություններում պահում է թմրանյութ: Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները դեկտեմբերի 8-ի կեսօրին մեկնեցին Ջանֆիդա: Տանտերը ոստիկաններին ցույց տվեց ավտոտնակում դրված ճամպրուկ ու դույլ, պոլիէթիլենային, թղթե և պլաստիկ տարաներ` լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Նաև հայտնեց, որ դա դեռ բոլորը չէ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ստուգողական գործողությունները դադարեցվեցին: Տարածքը վերցվեց հսկողության տակ, և փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կատարված զննությամբ ավտոտնակում ու տանիքում տարբեր տարաների, տոպրակների, արկղերի ու փաթեթների մեջ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 864 գրամ կանեփանման զանգվածներ:
Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, ապա չորացրել ու պահել է՝ հետագայում անձամբ օգտագործելու համար:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: