Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները. Ջեյք Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Գազայի հատվածում նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը և չվտանգել խաղաղ բնակչության կյանքը: Սալիվանը նշել է, որ ամերիկյան կողմը կանի հնարավորը՝ նոր զինադադար հաստատելու համար: Նա հերթական անգամ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ հակամարտության սրման հարցում և ընդգծել, որ շարժումը կարող է ավարտել պատերազմը՝ ազատելով պատանդներին և հրամայելով մարտիկներին վայր դնել զենքը։
Հանդիպումից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է՝ Վաշինգտոնը համոզված է, որ Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները, և վստահեցրել, որ Իսրայելը նպատակ չունի օկուպացնել անկլավը: Սալիվանը հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ պայքարի նոր փուլ է սպասվում, և այն ժամանակ կպահանջի:
Նեթանյահուն իր հերթին պնդել է՝ շարունակելու են ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, քանի դեռ շարժումը չի ոչնչացվել: Նա միաժամանակ վստահեցրել է, որ նույնիսկ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում Իսրայելը ջանքեր է գործադրում՝ վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին: Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ռազմական ոլորտում և պատանդներին վերադարձնելու հարցում աջակցության համար: ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ գերիների մասով բանակցություններ չեն լինի, քանի դեռ ՑԱՀԱԼ-ը չի դադարեցրել կրակը:
Իսկ ռազմական գործողությունները Գազայի հատվածում չեն դադարում: Կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը սրվում է, զոհերի թիվը հասել է 19.000-ի: ՄԱԿ-ը հայտնում է, որ Գազայի հատվածի 10 բնակչից 9-ը չունեն բավականաչափ սնունդ և ջուր, բուժհաստատությունների աշխատանքը կաթվածահար է: Կառույցի պնդմամբ՝ Գազայի հատվածում այլևս անհնար է ապրել: