Դեսպան Բալայանը Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում ներկայացրեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Դեկտեմբերի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջի կենտրոնակայան և ելույթ ունեցավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Բրյուգե իր այցի շրջանակներում Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին, Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքներին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա դրությանը։
Դեսպանը նաև մանրամասն ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Կողմերը նաև քննարկեցին Եվրոպայի քոլեջի հետ հետագա համագործակցության հարցեր: Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նաև «Խաղաղության խաչմերուկ՝ Կովկասի հեռանկարը» վերտառությամբ համապարփակ դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև, որի ժամանակ հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի եվրոպական ձգտումները և հեռանկարները, Հայաստանի հետագա ակնկալիքները Եվրոպական միությունից, տարածաշրջանային խնդիրները և «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխան, որի ժամանակ դեսպանը պատասխանեց ԵՄ կառույցները և անդամ երկրները ներկայացնող դիվանագետների հարցերին։
Տիգրան Բալայանը Հայաստանի և տարածաշրջանի պատմության մասին գրքեր նվիրեց քոլեջի գրադարանին։