Պեկինում վատ եղանակի պատճառով մետրոյի գնացքները բախվել են. ավելի քան 500 վիրավոր կա
Պեկինում վատ եղանակի պատճառով մետրոյի երկու վերգետնյա գնացքներ են բախվել, 512 մարդ վիրավորվել է, հաղորդում է AP-ն։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան Պեկինի լեռնային արևմտյան մասում՝ Չանգփին մետրոյի գծի բարձրադիր հատվածում։
Աննորմալ ձյան տեղումների և սառնամանիքների հետևանքով երկաթուղային գծերը դարձել են չափազանց սայթաքուն, իսկ երբ գնացքն առաջ է շարժվել և փորձել է դանդաղեցնել արագությունը, գործարկվել է վթարային ավտոմատ արգելակման համակարգը։
Գնացքն ամբողջությամբ կանգ է առել, իսկ մյուսը, որն ընթացել է նրա հետևից, սահող ռելսերի պատճառով չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է դիմացինին։ Ուրբաթ առավոտվա դրությամբ՝ 512 տուժածներից 102-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, 25-ը տանը բժիշկների հսկողության տակ է, 67-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում։
Նշվում է, որ Պեկինում ձմեռները շատ ցուրտ են, սակայն ձյուն հազվադեպ է տեղում, իսկ այս շաբաթվա ընթացքում՝ չորեքշաբթի և հինգշաբթի քաղաքում առատ ձյան տեղումներ են եղել՝ մասամբ կաթվածահար անելով երթևեկությունը։