Առանձնապես խոշոր կաշառք ստանալու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի (Տիգրան Փոլադյան – խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է:
«Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: