Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի գերեզմանատնից գողացել են հանգուցյալի շիրմաքարը
Դեկտեմբերի 10-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 44-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից միչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող գերեզմանատնից գողացել են պապիկի շիրմաքարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սրբապիղծի կամ սրբապիղծների ինքնությունը պարզելու, նրանց և շիրմաքարը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։