Ստորագրվել է Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու միջոցառումների շարքի իրականացման շրջանակային պայմանագիրը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը:
Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով: Հանձնաժողովի համանախագահները մասնավորապես ընդգծել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկան: Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավետ կերպով իրականացվել են, և վստահություն հայտնել, որ այս նիստի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունները ևս պատշաճ կերպով կիրականացվեն երկու երկրների կողմից:
Հանձնաժողովի համանախագահները նիստի արդյունքների հիման վրա ստորագրել են արձանագրություն, ինչպես նաև «2023-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանը»:
Նիստի ավարտին երկու երկրների փոխվարչապետների ներկայությամբ ստորագրվել են նաև Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու միջոցառումների շարքի իրականացման շրջանակային պայմանագիրը և Հայ-ռուսական գործարար խորհրդի 2024 թվականի աշխատանքի պլանը:
Մինչ նիստը տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող արդիական հարցերը;