«Չփորձվես տղերքի անունը տաս, իրենք սուրբ են. կարաուլ ես եղել, իրավունք ունեի՞ր մտնելու ներս». զոհվածի ծնողը՝ տուժողին
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին տուժող Լեւոն Խառատյանին հարցեր ուղղեցին նաեւ զոհված զինծառայողների ծնողները։
Անդրադառնալով հրդեհի պահին ննջասենյակից իր կանգնած հատվածի՝ 4-5 մետր եղած հեռավորությանը՝ զոհվածի ծնողը հարցրեց, թե որքա՞ն է եղել հեռավորությունը. «Դու անիրական չափեր ես ասում
մի քայլ է, ո՞նց եղավ 3-4 մետր,
այսինքն՝ 80 սմ-ից 1 մետր է եղել»։
Զոհվածի հոր հարցին՝ արդյո՞ք իր մտքով չի անցել դուռը ոտքով բացել, Խառատյանն ասաց. «Ուշադրությունս կրակը հանգցնելու վրա էր»։
Հարցին, իր դիտարկմամբ, զինծառայողներն ի վիճակի չէի՞ն ոտքով հարվածելու եւ բացելուն, տուժողն ասաց. «Ի վիճակի կլինեին»։
Անդրադառնալով հրդեհի օրվան՝ տուժողի՝ հերթապահ լինելուն եւ այդ ընթացքում կացարան մտնելուն՝ զոհվածի հայրն ասաց. «Չփորձվես ոչ մեկի անունը տաս, էդ տղերքը սուրբ են, դու կարաուլ ես եղել, դու իրավունք ունեի՞ր մտնելու ներս»։
«Սաղս էլ ընթացքում մտել, տաքացել ենք»,- պատասխանեց տուժողը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։