Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, կարող է տարիներով երկարել. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատակարգերի հաստատումը հանձնաժողովների աշխատանքը առավել հստակ կանոնակարգելու համար է արվել. «Սահմանվել են, թե երբ եք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ինչ լեզվով ենք խոսում, ինչպես ենք կազմում արձանագրությունը և այլն»։
Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս հաստատված ժամկետներ չկան, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը բավականին երկար է տևելու.«Բազմիցս հայտարարվել է, որ բանակցությունների համար որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-1990թթ. ամենաթարմ քարտեզները, բայց այնուամենայնիվ կուզենամ շեշտել, որ մենք աշխատելու ենք պրոֆեսիոնալ տոպոգրաֆիկ քարտեզներով և իրավական ուժ ունեցող փաստաթղթերով»։
Գործընթացի բարդությունը ներկայացնելու համար Գրիգորյանը մեկ օրինակ է բերել. «Բանակցությունների ընթացքում կողմերը բերում են սահմանների առանձին հատվածների վերաբերյալ տոպոգրաֆիկ քարտեզներ և դրանց իրավականությունը հիմնավորող փաստաթղթեր, ինչից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն»։
Փոխվարչապետը հրաժարվել է խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացը կապել իրար հետ՝ շեշտելով, որ տվյալ դեպքում առանցքայինը դելիմիտացիայի մեթոդաբանության, հիմնական սկզբունքների արձանագրում է պայմանագրում, ինչը, ըստ էության, արվել է նաև հրապարակային ձևով. «Մյուս հանդիպմանը հավանաբար կքննարկենք նաև կանոնակարգի հարցը, ինչը էլ ավելի բարդ հարց է, քանզի ներառում է ավելի հստակ մեթոդաբանություն և սահմանումներ»։