ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ԲԴԽ-ից:
«Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։
Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ: