«Հրապարակ». Պետք է այնպես անենք, որ Չարենցի բայղուշությունը` Երկիր Նաիրին, իրականություն չդառնա
Մի քանի հրապարակում ենք ունեցել այն մասին, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի՝ բանակի վերաբերյալ նախագիծը «Քաղպայմանագրում» էլ միանշանակ չի ընդունվել։ Դա է պատճառը, որ մի քանի օր առաջ առաջին ընթերցումով այն ընդունելուց հետո մյուս նախագծերի պես 24-ժամյա ռեժիմով չքննարկվեց: ՔՊ-ում կարծում են, որ այն ֆունդամենտալ փոփոխության պետք է ենթարկվի։ Առաջարկվող նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից․ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխող մեծամասնությունը կողմ է, որ վերջին երկու կետը հանվի նախագծից։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է․ «Եթե նախագիծն ընդունենք, դնելու ենք առաջին քարը՝ մեր հայրենիքը երկիր Նաիրի դարձնելու համար»։
- Պարոն Աղազարյան, ՔՊ խմբակցությունում մեծամասնությունը կո՞ղմ է, թե՞ դեմ այս նախագծին, ինչո՞ւ եք կարծում, որ այն ընդունելով՝ Հայաստանը «Երկիր Նաիրի» է դառնալու, ի՞նչ է սպասվում նախագծին, եւ ի՞նչ առարկություններ ունեք Դուք անձամբ։
- Իմ առարկությունները մի քանիսն են․ այն նպատակը, որ հետապնդում է պարոն Սարգսյանը, հատվածական բնույթ է կրում։ Հասկանալի են իր, այսպես կոչված, բարի մղումները, բայց նախագիծը հատվածային է։ Երբ խորհրդարանում ես իրեն հարց տվեցի՝ բա ի՞նչ կասեք 25 տարեկանների համար, որովհետեւ նախագիծը վերաբերում է 27-37 տարեկան տղաներին, որոնք չեն ծառայել եւ պետք է հետ գան, ինքը տեղեկացրեց, որ օրենքը վերաբերում է 25 տարեկաններին եւս։
- Ի դեպ, Ձեր արտահայտությունը, որ «երբ ես ասում եմ 25, նկատի ունեմ 24», անեկդոտի թեմա է դարձել ֆեյսբուքահայության շրջանում: Ի՞նչ էիք ուզում ասել։
- Հենց դրան եմ գալիս․․. որ ասեց՝ 25 տարեկաններին է վերաբերում, ես այդտեղ արագ խմբագրեցի ինձ՝ «այդ դեպքում, որ ասում եմ 25 տարեկան, նկատի ունեմ 24 տարեկան»։ Չէ՞ որ մենք ունենք 24 տարեկան երիտասարդներ, 23 տարեկան, 22 տարեկան, որոնցից յուրաքանչյուրն ամեն տարի մեկ տարով մեծանում է, հարցս նրանց էր վերաբերում՝ բա այդ տղաների համար օրենքը չի՞ կիրառվում։ Հայկ Սարգսյանն ասաց, որ նրանց համար օրենքը չի գործելու, սա նշանակում է, որ այդ տղաների համար հին օրենքն է գործելու, եւ նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվելու, հետեւաբար, նախագիծն ինքնին ամբողջական չէ, հատվածային է։ Երկրորդ նկատառումը՝ նախագիծն ունի բացասական վարքագիծ դաստիարակելու միտում, այսինքն՝ 12 տարեկան տղայի հայրն իր որդուն կվերցնի, անհանգստություններից ելնելով կտանի արտասահման՝ այն հույսով, որ վաղը մեկ ուրիշ Հայկ Սարգսյան նմանատիպ օրենքով հանդես կգա` իր տղան կդառնա 29 կամ 30 տարեկան, կվերադառնա հայրենիք ու կօգտվի օրենքից, հետեւաբար, դա բացասական վարքագիծ է դաստիարակելու։
Մյուս բացասական կողմը սոցիալական արդարության խնդիրն է, որը, իմ կարծիքով, ամենակարեւորն է։
- Հարուստներին հնարավորություն է տրվում փողով զինգրքույկ առնել։
- Այո։ Երբ փոքր ժամանակ մենք գրքեր էինք կարդում՝ հարուստներ, աղքատներ, հիմա մեծացանք, բայց այդ երեւույթը կա։ Առանց այդ նախագծի էլ հարուստներ-աղքատներ անհավասարությունը կա՝ հարուստների երեխաները շատ հարցերում արտոնյալներ են։
- Բա մենք գիտեինք, թե այդ անհավասարությունը նախկին իշխանությունների ժամանակ էր` հիմա բոլորը հավասար են օրենքի առջեւ։
- Հիմա էլ կա անհավասարություն, իհարկե, հինգ տարում հո չվերացա՞վ, եւ վերանալու համար էլ ժամանակ է պետք։
Երրորդ առարկությունս՝ այն հայրը, որի որդին դարձել է 17 տարեկան ու հաջորդ տարի պետք է բանակ զորակոչվի, իրեն լեգիտիմ իրավունք կտա կոռուպցիոն ճանապարհներով իր որդուն ազատել բանակից, եթե առաջ ամաչում էր, քաշվում, հիմա կասի` ազատեք, ախպեր ջան, մի քիչ ավելի շատ փող կծախսի կոռուպցիոն ճանապարհներով եւ երեխուն կազատի բանակից։ Այսինքն՝ խնդիրներն ակնհայտ են, բայց մյուս կողմից, այո, Հայաստանից դուրս 27 տարեկանից բարձր բազմաթիվ տղաներ կան, որոնք Հայաստանը լքել են ծնողների կամքով, ու հիմա արժե նրանց հնարավորություն տալ Հայաստան գալ, քրեական հետապնդման չենթարկել։ Այո, բայց ոչ թե 15 միլիոն տան եւ ընդհանրապես չծառայեն, այլ ես առաջարկում եմ նվազագույնը վեց ամիս պետք է ծառայեն, հիմա թե դրան զուգահեռ 5 մլն կտա, թե 6, կորոշենք։ Մեծամասնությունն այս կարծիքին է, որ մեկ ամիս ծառայությունը խայտառակություն է, առնվազն կես տարի պետք է ծառայի, որ Աստված չանի՝ վաղը, մյուս օրը` պետք եղած ժամանակ հայրենիքի պաշտպանությանը մասնակցի, հակառակ դեպքում, այո, կստացվի, որ մենք կանաչ լույս ենք վառում փողով զինգրքույկ առնելու ճանապարհին, ինչն ինձ համար անընդունելի է։ Հետեւաբար, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ես եւ իմ գործընկերներից շատերն ամեն ինչ պետք է անենք, որ լավարկենք օրենքը։ Իհարկե, ես անձամբ այս վեց ամսվան էլ եմ դեմ` չի ծառայել, թող գնա դատվի, ի վերջո, պետք է հասկանանք՝ մենք կպնո՞ւմ ենք մեր հայրենիքին, թե՞ չենք կպնում: Մեր հայրենիքի մի հատվածի վրա մեր պետականությանը տեր կանգնո՞ւմ ենք, թե՞ չենք կանգնում, պետք է «պետություն» եւ «հայրենիք» հասկացությունները մեկտեղենք եւ կարողանանք ինքներս մեզ պաշտպանենք։ Հենց սա նկատի ունեի՝ երկիր Նաիրի ասելով։ Ի՞նչ է՝ իրենք պիտի փախչեն Հայաստանից, ուրիշի երկիրը դարձնեն հայրենիք, Հայաստանն էլ դառնա վերացակա՞ն հայրենիք, այնքան վերացական, որ մի օր էլ էլ չլինի՝ դառնա եսիմում հայրենիքը։
- Իսկ գուցե դա «վերեւներից» թելադրված քաղաքականություն է՝ վերացնել Հայաստանը, դարձնել «Երկիր Նաիրի», ինչը շատ բնորոշ է ձեր իշխանությանը, իշխանական վերնախավում հաճախ են «Երկիր Նաիրիի» թեման քննարկում։
- Քննարկումներ շատ են այն իմաստով, որ մենք ասում ենք՝ մեզ պետք չէ վերացական հայրենիք, մեզ պետք է կոնկրետ հայրենիք, որն ունենք եւ որի համար պետք է հոգ տանենք ու անենք մեզանից կախվածը, որ մեր հայրենիքը բարգավաճի ու զարգանա, ոչ թե Չարենցի, կներեք արտահայտությանս համար, բայղուշությունն իրականություն դառնա։