Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնեցրել են սահմանի ևս 47 կմ հատվածը
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում համաձայնեցրել են պետական սահմանի ևս 47,05 կմ հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Ձեռք բերված համաձայնության համապատասխան՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 14-ը Ղրղզստանի Հանրապետության Բատկենի շրջանի Բատկեն քաղաքում կայացել է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային խմբերի և իրավական հարցերով աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը` նվիրված ղրղզատաջիկական պետական սահմանի սահմանագծմանը և սահմանազատմանը։ Այդ հանդիպմանը տեղագրական աշխատանքային խմբերը համաձայնեցրել են ղրղզատաջիկական պետական սահմանի 47,05 կմ հատվածը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ կողմերը «մնացած հատվածների նկարագրման» աշխատանքը կշարունակեն հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում։
Ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր, որ Բիշքեկն ու Դուշանբեն արդեն համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանային գծի շուրջ 90%-ը։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։ Այս հարցի չկարգավորումը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների սահմանամերձ շրջանների բնակիչների և զինվորականների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին տեղի են ունեցել ավելի քան 10 լուրջ բախումներ։
Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը մնում է ավարտել միայն տաջիկական կողմի հետ: