Մհեր Մկրտչյանի թատրոնի տնօրենի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»
Արդեն մեկ տարի է՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բուռն կրքեր են եռում: Ուղիղ մեկ տարի է, ինչ թատրոնը տնօրեն չունի, իսկ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվեց պաշտոնից` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Վերջին շրջանում տեղեկություններ կային, որ թատրոնի տնօրենի պաշտոնում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին, ով մոլի նիկոլական է և շատ հաճախ քննադատում է ընդդիմությանը, ինչը թատրոնի կոլեկտիվը շատ վատ էր ընդունել:
«Հրապարակ»-ին տեղեկացրել են, որ մեկ ամիս առաջ Սոս Ջանիբեկյանն արտիստական թատրոնի դերասանական կազմի հետ, այսպես ասած, կոմպրոմիսի է եկել և «ջենթլմենական» քայլ է արել` նշելով, որ եթե կոլեկտիվն իրեն չի ցանկանում, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում և չի մտնի մի թատրոն, որտեղ ինքը ցանկալի ու սիրված տնօրեն լինել չի կարող: Արդյունքում Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնին Երևանի քաղաքապետարանը տնօրենի նոր ԺՊ էր նշանակել` դերասանուհի Տաթև Մելքոնյանին, ով հանրությանն առավել հայտնի է հայկական հեռուստասերիալներից և «Սուպեր մամա-2» ֆիլմից:
Լրատվամիջոցը կապվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, նա ասել է, որ իր ունեցած տեղեկություններով` Տաթև Մելքոնյանը մտերիմ է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ավելի կոնկրետ` Ռուբեն Բաբայանի կադրն է, երկար տարիներ աշխատել է Տիկնիկային թատրոնում: Իսկ Ռուբեն Բաբայանը ոչ միայն «Բաց հասարակություններ հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել` կարկառուն սորոսական, այլեւ հարում է իշխող ՔՊ-ին, սերտ կապեր ունի այս իշխանությունների հետ:
Մհեր Մկրտչյանը հայտնել է, որ դեռևս տնօրենի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվել, սակայն Տաթևն իշխանությունների նախընտրելի թեկնածուն է, և թատրոնի անձնակազմն էլ կարծես հաշտ է այս նշանակման հետ: Դեռ ավելին` ոմանք Մհեր Մկրտչյանի դեմ են դուրս եկել՝ պնդելով, որ Տաթև Մելքոնյանն ավելի լավ թեկնածու է և կարող է թատրոնն ավելի լավ ղեկավարել, քան այլ մեկը և ամեն ինչ անելու են, որ տնօրենի մրցույթին այլ թեկնածու չառաջադրվի, որպեսզի տնօրենի ԺՊ Տաթև Մելքոնյանն անխոչընդոտ ընտրվի եւ տնօրեն նշանակվի: