Վահան Կոստանյանի և Լեյլա Կայացիկի հանդիպմանը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը
Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105 000-ից ավելի բռնի տեղահանվածների իրավիճակին։ Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը։
Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ։