Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև աշխատակարգը
Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստին հաստատեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Այդ մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռք բերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն՝ աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների Կառավարությունների կողմից:
«Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը»,- ասաց նա և մասնավորեցրեց, որ, օրինակ, սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամ, վայրը, և որ նման որոշումներ կայացվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ:
Նիստերն անցկացվում են հաջորդաբար կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, կա՛մ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կա՛մ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Այն դեպքում, երբ նիստերն անցկացում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- ասաց նա և հավելեց, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի կազմակերպման գործում, որի վրա հիմնվելով՝ հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը:
«Աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռվում նիստերի անցկացման և աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար, հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով»,- ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ փաստաթուղթը միայն տեխնիկական բնո՞ւյթ է կրում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին կազմակերպչական է, իսկ հաջորդ փուլում բովանդակային որոշ հարցերի իրավական ակտի տեսք կտրվի:
«Այս որոշումով ենթադրվում է, որ ադրբեջանական կողմն էլ պիտի հաստատի (աշխատակարգային նման փաստաթուղթ - խմբ.), և, ըստ էության, սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը, կարծում եմ, շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:
Մհեր Գրիգորյանը հավելեց, որ փաստաթուղթը հրապարակային է լինելու, և նիստից հետո նախատեսվում է հրապարակել: