«Հրապարակ». Ադրբեջանում դեռ տասնյակ գերիներ ունենք
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ 32 հայ գերի վերադարձան հայրենիք: Հայ-ադրբեջանական սահմանի Կայան գյուղի հատվածում իրականացվեց գերիների փոխանակումը: Նրանց անմիջապես տեղափոխեցին Երեւան` «Մուրացանի» հոսպիտալ, որտեղ տղաներին արդեն սպասում էին ծնողները:
Խծաբերդում գերեվարված 27-ամյա Նարեկ Կոստանյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 տարի միայն Կարմիր խաչի միջոցով է կապվել, հեռախոսով խոսել որդու հետ: «Ես հիմա այնքան ուրախ եմ... երեխուս երկրորդ ծնունդն է: Երեք տարի երեխուն միայն լսել ենք, չենք տեսել: Մենք էդ հույսն ունեինք, որ այս տարի կվերադառնան, մեզ էդ հույսը տվել էին»,- ասաց նա:
Ադրբեջանում մենք դեռ տասնյակ գերիներ ունենք, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է դեռեւս Բաքվի բանտերում: Հուսանք, որ շուտով նրանք նույնպես կվերադառնան հայրենիք, եւ այս գործընթացը չի ընդհատվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: