Հորդանանի Շոուբակ ամրոցի հայերեն արձանագրությունները կարող են թվագրվել 17-18-րդ դարերով. Համլետ Պետրոսյան
Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերված հայերեն արձանագրությունները, ըստ նախնական տվյալների, կարող են թվագրվել 17-18-րդ դարերով։ Այս մասին Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ հայտարարեց ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, որը վերջերս է վերադարձել Հորդանանից։
Նա պատմեց, որ արձանագրությունները, որոնց մասին ինքն առաջին անգամ հայտնել էր Facebook-ի իր էջում նոյեմբերի 28-ին, այս տարվա օգոստոսին հայտնաբերել են Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները։ Համլետ Պետրոսյանը երկար ժամանակ համագործակցում է Ֆլորենցիայի համալսարանի հնագետների հետ, որոնք Հայաստանում մի քանի արշավների են մասնակցում։ Հասկանալով, որ արձանագրությունները հայերեն են, արշավախմբի ղեկավար Միկելե Նուչոտին կապ է հաստատել Համլետ Պետրոսյանի հետ և հայ հնագետների համար ուղևորություն կազմակերպել Հորդանան, որպեսզի նրանք տեղում գնահատեն և ուսումնասիրեն գտածոն։
Ինչպես պատմեց Համլետ Պետրոսյանը, Շոուբակ ամրոցը Հորդանանի ամենահզոր բերդն է, որը կառուցել են խաչակիրները 12-րդ դարում։ Մի քանի տասնամյակ անց ամրոցը գրավել է սուլթան Սալահ ադ-Դինը։ Հայ հնագետը հիշեցրեց, ի դեպ, որ Սալահ ադ-Դինը ծնվել եւ կրթություն է ստացել Դվինում։