Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Կանադայի հայ համայնքի զգալի դերակատարությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:
Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են: