Հռոմի պապը հայտնել է, թե որտեղ է ցանկանում թաղվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որպեսզի կարողանա լինել Մարիամ Աստվածածնի իր սիրելի սրբապատկերի կողքին, գրում Է AFP-ն:
Պոնտիֆիկոսը, որի 87-ամյակը լրանում է դեկտեմբերի 17-ին, նաև ասել է, որ երբեք չի մտածել այս տարի թոշակի անցնելու մասին՝ չնայած առողջության հետ կապված մի շարք խնդիրներին։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի հաստատված է իր այցը Բելգիա, ինչպես նաև քննարկվում են այցելությությունները Պոլինեզիա և Արգենտինա:
Սա Հռոմի պապի առաջին հարցազրույցն էր սուր բրոնխիտի վերջին նոպայից հետո, որի պատճառով այս ամիս չեղարկվել էր ուղևորությունը Դուբայ՝ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին մասնակցելու համար:
Չնայած Հռոմի պապի պաշտոնը ցմահ է, Ֆրանցիսկոսը հաստատել է հրաժարականի հավանականությունը և ասել, որ պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավորության։