Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով արցախյան խնդրին։
«Ադրբեջանի հանցագործ գործունեությունը հակամարտությունն ավելի է սրել, ու Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա»,– ընդգծեց նա։
Ըստ Օհանյանի` Արցախը եղել է գործոն, ու այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն` ներառյալ ժողովրդի ճակատագրի ու վերադարձի պայմանների լուծման։
«Բանակցություններն այս առումով միջազգային որևէ հարթակում այլընտրանք չունեն»,– նշեց Օհանյանը։
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ըստ նրա, դրա համար պատասխանատու են Արցախի և ՀՀ իշխանությունները, սակայն առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք երկրի ղեկավարումը ստանձնելու հենց առաջին օրվանից վերցրել էին պատասխանատվություն Արցախի համար, սակայն սահուն կերպով իրենց վրայից գցեցին այն։