Պակիստանում ոստիկանության բաժնի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով կա 23 զոհ
Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվայի նահանգում առնվազն 23 իրավապահ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը ոստիկանության բաժնի գլխավոր դարպասի մոտ պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Պայթյունից հետո 6 զինյալներ կրակ են բացել․ փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ, որից հետո զինյալները սպանվել են։
Ըստ իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ոստիկաններից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Թալիբան» շարժման պակիստանյան մասնաճյուղը) արմատական խմբավորման ճյուղը հանդիսացող «Թեհրիկ ի Ջիհադ» զինված խմբավորումը՝ հայտնելով, որ իրենց թիրախում են եղել ոստիկանները։
Աֆղանստանին սահմանակից Խայբեր Փախտունխվայի նահանգում բռնությունների դեպքերն այս տարի աճել են։ Հունվարին Փեշավար քաղաքի մզկիթներից մեկը հարձակման էր ենթարկվել ոստիկանի համազգեստով մահապարտ ահաբեկչի կողմից․ զոհվել էր 101 մարդ, մեծ մասը՝ ոստիկաններ:
Ըստ Associated Press-ի՝ 2022 թվականից Պակիստանիում գործող «Թալիբան»-ի կողմից անվտանգության ուժերի վրա հարձակումների դեպքերն ավելացել են։ Ըստ երկրի իշխանությունների՝ զինյալներն ավելի համարձակ են դարձել այն բանից հետո, երբ 2021 թվականին թալիբները գրավեցին իշխանությունն Աֆղանստանում։