Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցների պարգևատրումը
Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային ազգային փուլի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունը «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012 թվականից: Միջազգային հեղինակավոր այդ հարթակում մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):
ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, շնորհավորելով ներկաներին, շեշտել է, որ մրցույթին մասնակից ուսանողներն արդեն իսկ հաջողել են և մուտք են գործում հաջորդ՝ ոչ պակաս կարևոր փուլ:
«Արդեն 10 տարուց ավելի է՝ մեր երկիրը «Համաշխարհային հմտություններ» ծրագրի անդամ է, և ԿԳՄՍ նախարարությունն իր քաղաքականությամբ, Կրթության զարգացման պետական ծրագրով ու այլ միջոցառումներով վերահաստատում է իր անդամակցությունը կազմակերպությանը»,- ասել է Արմենուհի Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանին մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսանողներին. այս միջոցառումներին ձեր մասնակցությունը թույլ է տալիս ևս մեկ անգամ արժևորելու այն կրթությունը, որ ստանում եք ձեր ուսումնական հաստատություններում և նպաստում ՄԿՈւ ոլորտի հանդեպ հանրային վարկանիշի ձևավորմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնագետներին և փորձագետներին, որոնք աշխատել են ուսանողների հետ՝ նրանց նախապատրաստելով այս ստուգատեսին», – հավելել է Արմենուհի Պողոսյանը՝ հաջողություն մաղթելով հաղթողներին և հույս հայտնելով, որ նրանք պատվով հանդես կգան միջազգային փուլում:
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն, «Հայաստանի Հմտություններ-WorldSkills Armenia»-ի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ «Հայաստանի հմտություններ» մրցույթն անցկացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք անընդհատ բարելավվում են, իսկ անցած տարվանից մասնագիտական հմտություններից բացի՝ կարևորվում է նաև օտար լեզվի իմացությունը: «Այս տարի խոհարարական հմտության մրցույթում ևս եղել է նորամուծություն. նախընտրական փուլում ներգրավված է եղել միջազգային ժյուրի: Հաջորդ կարևոր նորարարությունն այն է, որ նորաձևության տեխնոլոգիայի ժյուրիի կազմում ընդգրկվել է Ֆրանսիայից հրավիրված մասնագետ, որն իր ներդրումն ունեցավ մրցույթի անցկացման հարցուն և ապահովեց այն միջավայրը, որը մեր հաղթողները տեսնելու են միջազգային մրցույթի փուլում»,- տեղեկացրել է Տաթևիկ Գասպարյանը՝ հավելելով, որ մրցույթի փորձագետները ևս վերապատրաստվել են արտերկրից հրավիրված մասնագետների կողմից:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը, ՄԱԶԾ երիտասարդության զբաղվածության ծրագրերի ղեկավար Կարինե Սիմոնյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ազգային փուլի մրցույթները կայացել են նոյեմբերի 24-ին և 25-ին: Մրցույթն իրականացվել է 6 հմտությունների գծով՝ «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիա» և «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում»: Ազգային մրցույթը կայացել է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլին մասնակցել է 30 ուսանող՝ Երևանի և ՀՀ մարզերի ՄԿՈՒ հաստատություններից:
«Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մրցույթում ոսկե մեդալի է արժանացել Արմինե Հակոբյանը՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից: «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» հմտությունից ոսկե մեդալակիր է դարձել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Հակոբ Բոյաջյանը: «Վեբ տեխնոլոգիա» հմտությունից հաղթել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Դավիթ Մակարյանը, ոսկերչությունից՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանող Հակոբ Եշիլբաշյանը: Խոհարարության հմտության հաղթող է ճանաչվել Լիանա Մելքոնյանը՝ Հայ-հունական պետական քոլեջից, իսկ նորաձևության տեխնոլոգիայից՝ Միրա Ներսիսյանը՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնից:
Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների և վկայականների: Շնորհակալագրերով պարգևատրվել են նաև մրցույթների հանձնաժողովների անդամները:
«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները 2024 թվականին Լիոնում կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 47-րդ միջազգային մրցույթին: Հայ ուսանողները 5-րդ անգամ նմանօրինակ հնարավորություն կունենան և կմրցակցեն 86 անդամ երկրների ներկայացուցիչների հետ: