Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ
Դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ բազմաթիվ վկայություններ կան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։
Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից:
Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են: