Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել ավագ լեյտենանտի սպանության վերաբերյալ
2023թ. դեկտեմբերի 10-ին Սուրբ Գրիգոր «Լուսավորիչ ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շոպրոն փողոցի հասցեներից մեկից իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ 26 տարեկան Դ․ Սայադյանը, ժամը 20:32-ին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրեսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են փորձաքննություններ: Պարզվել է դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը։
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկիի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․ Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է, նախնական տվյալներով, միջին ծանրության, իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու նպատակով նշված անձին ձերբակալելու վերաբերյալ, և Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։
Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի արարքներն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու համար։