Գերեզմանը թալանել են. գողացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները. «Հետք»
«Հետք»-ը գրում է․
Օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը:
Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասաց, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը:
Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր:
Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված: «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել: