Քննարկել են մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկել են մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։
Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ. ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից:
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։ Տեղացիների վկայությամբ այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.):
Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից:
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ:
Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ․ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ – II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 2․12.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ․ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ․ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:
Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել են լրամշակման։