Վահան Կոստանյանը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը
Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներն ու արձագանքներն ամրապնդելու ուղղությամբ:
Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ քայլեր կձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման և հաշվետվողականության ազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ:
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Որպես ապագային միտված հանձնառություններ առանձնացվել են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև իրավահավասարության մասին օրենքի ընդունումը: