Կա փոխըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի. Վաղարշակ Հակոբյան
Իսկապես մենք չափազանց ծանր ենք տանում ամեն մի կորուստ. դա մեծ ցավ է մեզ համար, և հենց այս կոնտեքստում ենք մենք փորձում ամեն ինչ անել, որպեսզի նման բաներ տեղի չունենան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 4-ին հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքին:
«Իհարկե, մենք այսօր բավականին դժվար իրավիճակում ենք գտնվում թե՛ բանակցային, թե՛ անվտանգային, թե՛ այլ հարցերի հետ կապված, բայց մենք չունենք իրավունք հետքայլ անելու մեր խաղաղության օրակարգից. սա այն հիմնական ուղենիշն է, որը ՀՀ-ին բերելու է անվտանգություն, և ինչպես այդ ցավալի դեպքը, որ տեղի է ունեցել, մեր պետությանը զերծ է պահելու նման իրավիճակներից»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը համաձայն է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն հայտարարությանը, որ Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղությանը հասնելու պատմական հնարավորություն կա:
«Ես էլ եմ կարծում, որ պատմական հնարավորություն կա ի վերջո հասնելու այդ նպատակին, և այդ հնարավորությունները երկուստեք պայմանավորվածությունների արդյունքում են արտացոլվում: Ես կարծում եմ, որ այսօր կա փոխըմբռնում երկու երկրների միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի, և սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում, քանի որ ՀՀ-ն արդեն տևական ժամանակ, իր օրակարգում խաղաղությունը որպես առաջնային դարձնելով, գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը: