Ճապոնիայի վարչապետը 4 նախարարի կազատի աշխատանքից
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 14-ին չորս նախարարների, այդ թվում՝ կառավարության խոսնակին, կհեռացնի աշխատանքից՝ կապված քաղաքական նվիրատվությունների յուրացման սկանդալի հետ, հաղորդում է Kyodo գործակալությունը։
Տոկիոյի դատախազության աղբյուրները, որոնք հետաքննում են գործը, Kyodo-ին հայտնել են, որ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում կարող են ապօրինաբար անձնական օգտագործման համար յուրացրած լինել հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:
Ճապոնիայում քաղաքական գործունեության համար օրինական նվիրատվությունները հանգանակվում են նաև վճարովի միջոցառումների տոմսերի վաճառքի միջոցով, որոնք կազմակերպում են ԼԴԿ-ի խմբակցությունները և խորհրդարանի առանձին ազդեցիկ անդամներ: Միջոցների հանգանակման համար սահմանվում են հստակ սահմանափակումներ, իսկ ստացված գումարը գրանցվում է ֆինանսական հաշվետվության մեջ` օրենքին համապատասխան:
Սակայն պարզվել է, որ հաճախ հաջողվել է հավաքել պաշտոնական նորմայից ավելի շատ գումար։ Այդ դեպքում ավելցուկն առանց հաշվետվության մեջ որևէ արձանագրման կանխիկ տրվել է ազդեցիկ քաղաքական գործիչների։ Խմբակցությունում, որը նախկինում ղեկավարում էր Ճապոնիայի հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեն, այդ քաղաքական գործիչների թիվը հասնում է մի քանի տասնյակի։
Տոկիոյի դատախազությունը հարցաքննում է իշխող կուսակցության բոլոր հինգ խմբակցությունների քաղաքական գործիչներին՝ պարզելու օրենքի խախտման փաստերը:
Այս սկանդալային պատմությունն արդեն մի քանի օր է՝ ճապոնական զանգվածային լրատվամիջոցների գլխավոր թեման է։ Նշվում է, որ բացի 4 նախարարներից, Ֆումիո Կիսիդան պլանավորում է դեկտեմբերի 14-ին պաշտոնանկ անել կաբինետի ևս 11 ոչ բարձրաստիճան անդամների։ Միևնույն ժամանակ հայտնվել են տեղեկություններ, որ հենց կառավարության ղեկավարի խմբակցությունը, հնարավոր է, հաշվետվություններում նույնպես նվազեցրել է ստացված նվիրատվությունների գումարը:
Ըստ որոշ ճապոնական ԶԼՄ-ների՝ ԼԴԿ-ի խմբակցությունը համապատասխան կերպով չի հայտարարագրել 20-ից մինչև 30 միլիոն իեն (137–205 հազար դոլար), որն ստացվել է քաղաքական նվիրատվություններ հանգանակելիս: