Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել․ 2 անձ է ձերբակալվել
Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել․ ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում
Դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսեց գործել Ջրային պարեկային ծառայությունը, որի նպատակը բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալն է։
Ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով, և ուժեղացված ծառայության արդյունքում դեկտեմբերի 12-ին ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպքեր։
Ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են մեքենա՝ բարձված ապօրինի որսած շուրջ 250 սիգ տեսակի ձկնով։
Նույն օրը, ժամը 11․40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի մոտակայքում, մեկ այլ մեքենայում հայտնաբերել են ապօրինի որսած շուրջ 20 սիգ տեսակի ձուկ։
Երկու անձ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։
«Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։