«Բարձր ձայներից վեր էր թռնում, հրաժարվում էր խոսել ու լսել». արցախցի Նոյի պատմությունը (լուսանկարներ)
Սեպտեմբերի վերջին գրեթե 30,000 երեխա ապաստան գտավ Հայաստանում իրենց հայրենի համայնքներում՝ ռազմական գործողությունների սրացումից հետո։ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը պատմում է նրանցից Նոյի մասին, որ այսօր իր ընտանիքի հետ ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վարձակալած տանը:
«Հայրը՝ Վլադիմիրը, 2020թ -ի հակամարտության ժամանակ ծանր վիրավորում է ստացել, կորցրել տունը, տարբեր վիրահատությունների ենթարկվել: Հետո նա նորից տուն է ստեղծել ու... նորից ընտանիքի հետ ստիպված լքել այն... Այսօր նրանց օրը հիմնականում անցնում է վարձակալած տան փոքրիկ հյուրասենյակում, որ ավելի շատ միջանցք է հիշեցնում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հոդվածը պատմում է, թե ինչպես է սոցիալական աշխատող Զարինեն աշխատել տան փոքրիկի՝ 9-ամյա Նոյի հետ։ «Նրա ընտանիքը հաստատվել էր Հայաստանում, բայց դպրոց գնալ չէր ուզում՝ առանց մոր ներկայության։ Բարձր ձայներից անընդհատ վեր էր թռնում, որ հրաժարվում էր խոսել ու լսել:
Մայրը՝ Լիլիթը, հիշում է, որ տագնապի զգացումը Նոյին հանգիստ չէր տալիս, հետո հայտնվեց Զարինեն, որին արդեն 2020թ-ից գիտեին: Քայլ առ քայլ Զարինեին հաջողվեց օգնել Նոյին և այս ընտանիքին:
«Զարինեն եկավ ու ասաց՝ դժվար բան չկա, պիտի կարողանանք ու կարողացանք միասին: Նոյիս, որ հիմա էսպես ուրախ տեսնում եք, իմացեք, որ լիքը ջանք կա դրա հետևում, լիքը ծանր օրեր, հազար ու մի ձախողված փորձ: Զարինեի օրինակը տեսնելուց հետո, նրա օգնությամբ ես էլ սոցաշխատողի վերապատրաստում անցա ու հիմա շատ եմ ուզում աշխատել ու նրա պես օգնել այլ ընտանիքների», - պատմել է Լիլիթը:
Ըստ հրապարկման՝ ցայսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի, գործընկերների և սոցիալական աշխատողների զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ ավելի քան 6,200 փախստական երեխա, դեռահաս և ծնող սոցիալ-հոգեբանական աջակցություն է ստացել: