ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Բայրամովը՝ Բորելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Այս մասին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։
Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ դժգոհել է.
«Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։