ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը պետական մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել խորհրդատվական կարծիքները
Երևանում դեկտեմբերի 11-ին կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործունեության շրջանակներում մշակված խորհրդատվական կարծիքների քննարկումը՝ պետական մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իրավունքի Եվրոպա միավորում»-ից, քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումներն արդեն դառնում են ավանդական։ Նրա խոսքով՝ մեր քաղհասարակության մասնակցությունը ԵՄ տարբեր ֆորմատներում բավականին արդյունավետ է, և, համեմատելով Արևելյան գործընկերության այլ երկրների փորձը, նշել է, որ Հայաստանն առավել առաջընթաց ունեցող երկիր է։
«Փորձում ենք առավել բաց լինել քաղհասարակության հետ քննարկումներում։ Եվրամիության հետ այս փուլում նոր գործընթացներ են սկսվում, և քաղհասարակության կարծիքներն անչափ գնահատելի կլինեն։ Հիմա այն ժամանակն է, որ ունենք ինովացիոն, թարմ մտածելակերպի կարիք»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ վերջերս Հայաստան էր ժամանել ԵՄ փաստահավաք առաքելությունը՝ ՀՀ կարիքները գնահատելու, ներկայացվող առաջարկներին ծանոթանալու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղիներ փնտրելու համար․ ըստ Հովհաննիսյանի՝ այս հարցում քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալը խորհրդանշական է համարել, որ հենց դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարն առաջին անգամ ԵՄ արտաքին հարցերով խորհրդի ԱԳ նախարարների հետ կմասնակցի աշխատանքային ճաշի։
«Քաղհասարակության առաջարկներն ու կարծիքները շատ գնահատելի են, պատրաստ ենք լրացուցիչ միջոցառումներ նախաձեռնել և մասնակցել դրանց»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն առանձնապես կարևորւմ է քաղաքական, անվտանգային ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը, ինչպես նաև, իհարկե, մարդու իրավունքները, արդարադատության ոլորտը շարունակում են մնալ իրենց առաջնային ուղղություններից։