Մանրամասներ ոստիկանության աշխատակցի կյանքից զրկվելու դեպքից․ ինչն է եղել պատճառը
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության աշխատակիցը ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ։
Հիշեցնենք, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ոստիկանության աշխատակցի մահվան դեպքից ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ ինքնասպանություն գործած ոստիկանը 25 տարեկան էր, ամուսնացած չէր։ Իրավապահները ստուգել են՝ նա որեւէ գրություն, որևէ նամակ չի թողել: Վերջինս ապրում էր իր ծնողների հետ: Հայրը տաքսու վարորդ է, եւ ընտանիքը ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում: Կատարվածն առեղծված է մնում նաեւ ընտանիքի անդամների համար, թե ինչու նա պետք է զենքով վերջ տար իր կյանքին:
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:
Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:
Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:
Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է: