Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
ՔԿ-ից հայտնում են, որ այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։
Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։
Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝ 48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է։