Իրկուտսկում տղամարդը 17-րդ հարկից շանը նետել է դուրս
Իրկուտսկում ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով շանը նետել է բազմաբնակարան շենքի 17-րդ հարկից, այնուհետև ընտանի կենդանու մարմինը գցել է աղբամանի մեջ, հայտնում է Ներքին գործերի նախարարության լրատվական ալիքը:
«Ռուսաստանի Իրկուտսկի ոստիկանության թիվ 6 բաժանմունքի հերթապահ մասում բնակիչներից հաղորդագրություն է ստացվել, որ մի մարդ շանը շպրտել է բնակելի շենքի 17-րդ հարկից, այնուհետև ընտանի կենդանու մարմինը նետել աղբարկղը։ Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալին և բերման են ենթարկել, պարզվել է, որ նա տեղի 40-ամյա բնակիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարցաքննության ժամանակ տղամարդն ընդունել է մեղքը՝ ասելով, որ շունը պատկանում է իր դստերը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք», հայտնում է shantnews.am-ը։