Երկարատև դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է
Մոտ երեսուն տարվա դադարից հետո Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկու գործողությամբ ողբերգության առաջնախաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։
Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։
«Վերջին տարիներին հիմնականում երիտասարդները բեմադրում էին ժամանակակից հեղինակների։ Վերլուծելով՝ հասկացանք, որ թատրոնը մի բացթողում ունի՝ իր խաղացանկում չունի պատմական գործեր, և որոշեցինք անդրադառնալ Լևոն Շանթի այս գործին, որը, կարծում եմ, այժմեական է։ Մեծ ներկայացում է, ու ինձ համար շատ պարտավորեցնող՝ գործ ունենք հայ դասական հեղինակի հետ։ Շատերը կարծում են, որ Շանթի այս գործը վրեժի մասին է՝ ո՛չ, մեզ մոտ դա սիմվոլ է՝ ապրելու ու արարելու»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով՝ Շանթի այս գործը նոր շեշտադրումներով, նոր ձևավորմամբ ու նոր մոտեցմամբ է ներկայանում հանդիսատեսին։
«Ռեժիսորն իր ամբողջ ներուժն օգտագործել է, որ 21-րդ դարին համահանչ լինի։ Գեղագիտական ճաշակով արված ներկայացում է՝ համեմված Շանթի լեզվով ու մտածողությամբ։ Շուրջ հարյուր տարի առաջ գրված այս գործը արդիական է՝ դրանով էլ այն դասական է։ Մեր օրերի մարդիկ, դիտելով, հաստատ իրենց հետ մտածելու բան կտանեն»,-ներկայացնելով գործը՝ նշել է Քեսունի իշխանի դերակատար, ՀՀ վաստավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։