Լուկաս Սելարայանը տիտղոս է նվաճել
MLS-ի առաջնությունում կայացել է եզրափակիչը: «Կոլամբուս Քրյուն» 2:1 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսին»:
Խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի վաստակած 11-մետրանոցն իրացրել է Կուչո Էրնանդեսը: 4 րոպե անց աչքի է ընկել գանացի Յո Յեբոան:
Երկրորդ խաղակեսում կալիֆորնիացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել նախորդ տարվա չեմպիոնին չի հաջողվել:
«Կոլամբուս Քրյուն» երրորդ անգամ դարձել է MLS-ի հաղթող:
Հատկանշական է, որ չեմպիոնի կոչում է ստանալու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհում»: Սելարայանը մինչև արաբական երկիր տեղափոխվելը, MLS-ի առաջնությունում 20 խաղի է մասնակցել կոլամբուսցիների կազմում՝ դառնալով 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է shantnews.am-ը։