Իրանի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայում իրավիճակը կայունացնելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Եվրամիությանը կոչ է արել ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները կասեցնելու համար, գրում է Mehr-ը։
Իրանի արտգործնախարարը կիրակի նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
Իր նամակում իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է եվրոպական կողմի վերջին դիրքորոշման կարևորությունը հրադադարի անհրաժեշտության և այն տեւական դարձնելու փորձերի վերաբերյալ՝ դադարեցնելով խաղաղ բնակիչների սպանությունները Գազայում, հարգելով միջազգային մարդասիրական իրավունքը և կենտրոնանալով Գազայի անօթևան բնակիչներին անհրաժեշտ օգնությունը շտապ ուղարկելու վրա։
Նա նաև ողջունել է Բորելի դիրքորոշումը՝ իսրայելցի վերաբնակների գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում հայտարարելու և Հորդանան գետի Արևմտյան ափին վերաբնակների բռնությունը դատապարտելու հարցում:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուին ուղղված նամակում կոչ է արվում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածի վրա օկուպացիոն ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումը լիովին վերացնելու և Գազայի հատվածի օկուպացիային վերջ տալու համար։