Արտակ Բեգլարյան. Մենք պետք է պահպանենք մեր պետական ինստիտուտներն ու ինքնությունը
Առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի վերադարձն է հայրենիք և այնտեղ ապահով ու արժանավայել կյանքի ապահովումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի թեմայով քննարկման ժամանակ ասել է հանրապետության նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Սրանից բխող նպատակներն արդեն Արցախի ժողովրդի պայքարի շարունակությունն է հանուն իր հավաքական քաղաքական իրավունքների, ինչը նշանակում է, որ մենք պետք է պահպանենք մեր պետական ինստիտուտները՝ ներկայացուցչական, ժողովրդի կողմից ընտրված և պահպանենք մեր ինքնությունը։ Եվ այս ներկայացուցչական ինստիտուտների հիման վրա մենք կկարողանանք շարունակել մեր պայքարը»,- ասել է նա։
Ըստ Արցախի նախկին օմբուդսմենի, այս հարցում պարտադիր պայմաններից է միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից պայքարի աջակցությունը։
«Իհարկե, մենք չենք ասում, որ պետք չէ խանգարել պետական ինստիտուտների, ինքնության պահպանմանը և այլն։
Ի՞նչ ենք մենք տեսնում մինչև հիմա: Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն իրավահաջորդներ չեն և միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում, չեն բարձրացնում Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների հարցը, այլև առնվազն հրապարակային հայտարարություններով ու գործողություններով, տեսնում ենք, որ խանգարում են իմ նշած երկու քայլերին՝ պետական ինստիտուտների և ինքնության պահպանմանը»,- ասել է Բեգլարյանը։
Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների վրա հասարակական ճնշում գործադրելը։