Մաո Ցզեդունի ստորագրությամբ պաշտոնական բանկետի ճաշացանկը աճուրդում վաճառվել է 275 000 դոլարով
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի ստորագրած պաշտոնական պետական բանկետի ճաշացանկը աճուրդի է հանվել 275․000 դոլարով, հայտնում է AP-ն։
Բոստոնում գտնվող RR Auction-ը հայտնել է, որ աճուրդի դրված ճաշացանկը նախատեսված է եղել 1956թ. հոկտեմբերի 19-ին Պեկինում կազմակերպված բանկետի համար և նվիրված էր Պակիստանի վարչապետ Հուսեյն Շահիդ Սուհրավարդիի Չինաստան կատարած առաջին պետական այցին:
Ճաշացանկը գրիչով ստորագրել են չինացի վեց ազդեցիկ պետական գործիչներ, այդ թվում՝ Մաո Ցզեդունը և վարչապետ Չժոու Էնլայը: Խնջույքին ներկայացվել են երկու երկրների ճաշատեսակներ և այնպիսի համադամ ուտեստներ, ինչպիսիք են՝ «Ծիծեռնակի բնից և կոճղասնկերով կոնսոմեն», «Շնաձկան լողակը շագանակագույն սոուսում» և «Պեկինյան ձևով տապակած բադը»:
Աճուրդում վաճառված մյուս իրերից էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Enigma ծածկագրման մեքենան՝ 206,253 դոլարով, լամպի արտոնագրային փաստաթուղթը՝ ստորագրված Թոմաս Էդիսոնի կողմից՝ 22,154 դոլարով, և Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը՝ Radio Shack-ի համար՝ 46,063 դոլարով, տեղեկացնում է news.am-ը։