Լրագրողները «թագադրեցին» իրենց շախմատային «թագավորին»
«Գոլոս Արմենիի» թերթից Վադիմ Մկրտչյանը 7-րդ անգամ հաղթող ճանաչվեց հայկական ԶԼՄ-ների 8-րդ շախմատային մրցաշարում։ Մրցումները տեղի ունեցան շաբաթ օրը դեկտեմբերի 9-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի դահլիճում, որոնց հովանավորն էր Երեւանի քաղաքապետարանը, աջակիցներն էին Երևանի շախմատի ֆեդերացիան և «Սիլ Գրուպ» կոնցեռնը, իսկ կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ)։
2-րդ տեղը գրավեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Նորայր Շողիկյանը, իսկ 3-րդ մրցանակակիր ժանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Ռուբեն Մարգարյանը։
Հատուկ մրցանակներ ստացան չորրորդ տեղը գրաված «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը՝ որպես ամենատարեց մասնակից, կամքի ուժ պարտիայում դրսևորած Արա Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիայից», բոլոր 8 մրցաշարերում մասնակցած Գևորգ Խաչատրյանը (Livenews.am ) և ամենագեղեցիկ պարտիա խաղացած Ռուբեն Մարգարյանը։
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Վարդան Մելքոնյանը, իսկ մրցանակները` գավաթներ, մեդալներ և գումարային պարգևատրումներ, մրցանակակիրներին և աչքի ընկած մասնակիցներին փոխանցեցին արմատներով արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը և ԱԹԱ–ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Մրցաշարն անցավ մեկ օրվա ընթացքում արագ շախմատի մրցակարգով․ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվեց 8 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ժամանակ ամեն մի քայլի համար: