Ստամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ Սեյսմոլոգ
Ստամբուլի շրջանում ցանկացած պահի հզոր երկրաշարժի հավանականությունը 47% է: Սա չափազանց բարձր ռիսկային ցուցանիշ է, ասել է թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը։
«Մարմարա ծովի շրջանում, որտեղով անցնում է տեկտոնական խզվածքի գիծը և որտեղ գտնվում է Ստամբուլը, ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը շատ մեծ է։ Ստամբուլի համար այդ ռիսկը 47% է գնահատվում, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է»,- Haber Global-ի եթերում ասել է սեյսմոլոգը։
Նրա գնահատմամբ՝ եթե տեկտոնական սալերի տեղաշարժ տեղի ունենա Մարմարա ծովի Կումբուրգազի տարածքում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ կլինի, եթե դա տեղի ունենա Արքայազնների կղզիների շրջանում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7 մագնիտուդ կլինի, իսկ եթե սալերի տեղաշարժը միաժամանակյա լինի, ապա 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։
Նշենք, որ սեյսմոլոգները բազմիցս ահազանգել են Ստամբուլում ու դրա շրջակայքում երկրաշարժի մեծ հավանականության մասին։ Նրանց հաշվարկներով՝ 7 և ավելի բալ երկրաշարժի դեպքում 90 000 շենք ու շինություն միանգամից կփլուզվեն, իսկ 260 000-ը կվնասվեն և բնակության համար պիտանի չեն լինի։ Կացարանով ապահովման հարցի առջև կկանգնի 4,5 միլիոն բնակիչ։