Բռնապետ Ալիևն արտահերթ ընտրություններով զրկում է ընդդիմությանը միավորվելու հնարավորությունից. Գառնիկ Դավթյան
Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանում ընտրությունները՝ ՏԻՄ, նախագահական, թե խորհրդարանական, ժամանակից շուտ են անցկացվում՝ արտահերթի տրամաբանությամբ․
«Ալիևն այս կերպ փորձում է խանգարել ընդդիմադիր համարվող ուժերին միավորվել, միացյալ ճակատով հանդես գալ նախընտրական գործընթացներում։ Եղել են դեպքեր, երբ ընդդիմադիր ուժերը միավորվել, մեկ ճակատով են հանդես եկել, բայց հասկանալով, որ ժամանակի խնդիր ունեն, որոշ ուժեր դուրս են եկել, ճակատն աղճատվել է, ընդդիմադիր թեկնածուն քիչ ձայն է ստացել»։
Ըստ Գառնիկ Դավթյանի՝ Ալիևի վարկանիշն Արցախը ամբողջությամբ օկուպացնելուց հետո պատմական մաքսիմումում է գնահատվում. ներհասարակական բարձր աջակցության պայմաններում արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ բռնապետ Ալիևն ընդհանրապես ուզում է զրկել ընդդիմությանը աննշան հաջողությունների հասնելու հնարավորությունից․
«Ադրբեջանում ընտրությունները մշտապես անցնում են ահռելի մասշտաբի կեղծիքներով, այս մեկն էլ բացառություն չի լինելու, թեև Ալիևը Արցախն օկուպացնելուց հետո վարկանիշի խնդիր չունի»։
Ադրբեջանի հարցերով փորձագետն ընդգծում է՝ ազատության, իրավունքների համար պայքարող կազմակերպությունները, ակտիվիստներն իրենք են նպաստել Ալիևի վարկանիշի բարձրացմանը։ 44-օրյա պատերազմում և դրանից հետո Ալիևի ռազմական հանցագործությունները ոչ միայն չեն քննադատել, մի բան էլ խրախուսել են, մինչդեռ մինչև պատերազմը միշտ դեմ են արտահայտվել Ալիևի որոշումներին, կատարծ քայլերին։