Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասանելի, թափանցիկ ու հարմարավետ. Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Կլինեն առցանց հարթակներ և բջջային հավելված՝ օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովմամբ:
Կարևորելով համատեղ նախագծի իրականացումը՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հնարավորին կարճ ժամկետում, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, ծրագիրը տեղափոխել գործնական փուլ:
Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Ձևավորվել է թվայնացման խորհուրդ, քննարկվել են հիմնական նպատակները՝ քաղաքացիակենտրոն միասնական հարթակ ստեղծելու համար: