Կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պետք է սառեցվի՝ առանց պայմանավորվածությունների. Ստեփան Դանիելյան
Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ռուսական ուժերին հաջողվել է առաջ գնալ Ավդեևկայի ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրեր առաջ արձանագրել էր, որ դաշինքը չի կարողացել Ուկրաինային մատակարարել պահանջված չափով զինամթերք, գլխավոր քարտուղարը նաև նշել է՝ պետք է պատրաստ լինեն վատ նորությունների։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և այն հոդվածները, որոնք ամերիկյան մամուլում են տպագրվում, հուշում են, որ կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պետք է սառեցվի և սառեցվի՝ առանց քաղաքական պայմանավորվածությունների. մոտակա տարիներին պարզ կդառնա՝ ինչ համաձայնություն կլինի։
Ստեփան Դանիելյանի մեկնաբանմամբ՝ Ուկրաինայում քաղաքական խնդիրները կարող են հանգեցնել Զելենսկու պաշտոնանկությանը։
«Ստեղծվում է տպավորություն, որ ուկրաինական կողմին դրդում են գնալ կոնֆլիկտի սառեցման, կա ինֆորմացիայի արտահոսք այն մասին, որ ստվերային երկխոսություն-համաձայնություն կա ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև՝ պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Կոնֆլիկտի սառեցում նշանակում է, որ այս պահին չկա քաղաքական որոշում, բայց և ռազմական գործողություններն էլ պետք է դադարեցվեն։ Առաջիկա տարիներին պետք է որոնվեն սկզբունքներ, որոնցով կձևավորվի նոր միջազգային կարգ։ Բարդ գործընթաց է, երկար է տևելու, ազդեցության նոր գոտիներ են ձևավորվելու, դրանից կախված է լինելու նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ճակատագիրը»։