Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե
Բաքվի հետ բարեկամությունը Թբիլիսիի համար ռազմավարական նշանակություն ունի՝ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա ասել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրոպային կարևոր է նաև Ադրբեջանի համար:
«Շատ լավ է, որ մեզ համար բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մեր ինտեգրումը Եվրոպային դիտարկում է հենց այդ տեսանկյունից։ Եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր առաջընթացը կարևոր է նաև մեր բարեկամ և հարևան Ադրբեջանի համար: Եվ Ալիևի արած հայտարարությունը շատ հետաքրքիր ու կարևոր է»,- ասել է Կոբախիձեն:
Ալիևը Բաքվում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանին հաջողություն է մաղթում ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Նրա խոսքով՝ երբ Վրաստանը դառնա ԵՄ անդամ, երկու երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Ալիևը նաև նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը թույլ է տվել այդ երկրները Եվրոպային ներկայացնել որպես միասնական, ռազմավարական կարևոր թիմ: